_ _    _ _____  ___   __                       
 __      _(_) | _(_)___ / ( _ ) / /_   ___ ___  _ __ ___  
 \ \ /\ / / | |/ / | |_ \ / _ \| '_ \ / __/ _ \| '_ ` _ \ 
  \ V  V /| |   <| |___) | (_) | (_) | (_| (_) | | | | | |
   \_/\_/ |_|_|\_\_|____/ \___/ \___(_)___\___/|_| |_| |_|

Սարկավագ

Կոստանդնուպոլսում Հայ առաքելական եկեղեցու սարկաւագուհու զգեստ (19-րդ դար)։ Կրում է ուրար և նուրբ արծաթագործ քող և ձեռքում քշոց է։

Սարկավագ, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության վեցերորդ աստիճանը։ Սարկավագը եկեղեցու և սուրբ Սեղանի գլխավոր սպասավորն ու ձեռնադրված պաշտոնյան է։ Նրա հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Սարկավագի բացակայության դեպքում այդ պարտականությունները կատարում է քահանան՝ նրա հագուստներով։

Պատմություն

Վաղ քրիստոնեական համայնքներում տնտեսական գործերը վարող ընտրովի անձ։ Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնական, ապա աստիճանաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան։ Սարկավագը հիշատակվում է Առաքելական թղթերում, իսկ Գործք առաքելոցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենում սարկավագների ընտրությունը, և ինչպես են առաքյալները նրանց պաշտոն հանձնում, որպեսզի սուրբ Սեղանին սպասարկեն և հոգածու լինեն նպաստի բաշխմանը։ Նրանց պարտականությունն էր նպաստ հավաքել և կարիքավորներին բաժանել, այցելել աղքատներին, հիվանդներին, այրիներին, որբերին, հալածյալներին և նրանց կարիքները հոգալ։ Հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցու մեջ։

Մաշտոցում սարկավագի ձեռնադրության համար գոյություն ունի հատուկ արարողություն, որը կատարվում է սուրբ Պատարագի արարողությանը զուգընթաց, բեմի վրա։ Սարկավագը եկեղեցում շապիկի վրայից իր ձախ ուսից ուրար է կախում, որը ծառայության և լուծի խորհրդանշանն է։

Սարկավագները կարող են լինել կուսակրոն և ամուսնացած։ Կուսակրոն սարկավագները վանքերում պատրաստվում են կուսակրոն քահանայության համար։ Ամուսնացած և եկեղեցում տարիներ ծառայած անձինք կարող են ձեռնադրվել սարկավագ և ծառայել եկեղեցում։

Ծանոթագրություններ

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 898։
  2. «Սարկավագ». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Text "armenianreligion.am" ignored (օգնություն)